Տարրական հանրահաշիվը մեզ կօգնի հասկանալ իրավիճակը Եվրոպայում և մի բան էլ դեպի մոտ ապագան մի թեթև հայացք ձգել:
Սկսենք նրանից, որ ժամանակակից աշխարհում որևէ լուրջ մեկը չի կարող ապրել առանց անվտանգության համակարգի:
Մինչև հիմա Եվրոպայի անվտանգության ապահովումը իր վրա էր վերցրել ԱՄՆ-ը, որը ներկայում աստիճանաբար հրաժարվում է շարունակել նույնը:
Եվրոպան դեռևս չի հաշտվում ԱՄՆ-ի կատարած անսպասելի քայլերի հետ, բայց Թրամփին հակառակը համոզելու հույսերը աննշան են, քանի որ նա այդ քայլին դիմեց գլոբալ ուժային բալանսը իրատեսորեն գնահատելուց հետո, այսինքն, ԱՄՆ-ի կողմից արվող քայլերը պատահական չեն և հենվում են երկրի ստրատեգիական շահի վրա:
Բացի դրանից, ԵՄ-ի նման հզոր արդյունաբերություն ունեցողը ապրել չի կարող առանց համեմատաբար էժան էներգակիրների, որի պատճառով էլ նա սկզբունքային բնույթի նահանջ է ապրում:
Այսինքն, ԵՄ-ը չունի լուրջ անվտանգության համակարգ և արդյունաբերության համար էներգակիրների բավարար քանակություն, բայց ունի լուրջ պաշտպանության կարիք ունեցող քաղաքակրթական բարձր մակարդակ, գիտություն, տեխնոլոգիաներ և այլն:
Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ Եվրոպայի ապահովումը անհրաժեշտ քանակությամբ էժան էներգիայով կարող է ինչ-որ ձևով լուծվել, ապա ներկա պառակտվածության պայմաններում նրա սեփական անվտանգության համակարգի ստեղծումը կամ սկզբունքորեն անհնար է, կամ էլ, լավագույն դեպքում, կտևի տասնամյակներ:
Այսինքն, դա էլ հարցի լուծում չէ Եվրոպայի համար:
Մյուս կողմից էլ, միակ հնարավոր ուժը, որը ներկա պայմաններում ունի համապատասխան պոտենցիալ հնարավորություն Եվրոպայի անվտանգությունն ու էժան էներգամատակարարումը ապահովելու համար, Ռուսաստանն է:
Բայց նման միտքն անգամ անհնարին ու սարսափելի է թվում շատերին, այդ թվում, առաջին հերթին, Եվրոպային, որը, բոլորի նման, ինքն էլ է ուզում ապրել, մի ձգտում, որն ամենից զորեղն ու բախտորոշն է և որն էլ կամաց-կամաց կստիպի հաշտվել իրականության հետ:
Եվ դա այն դեպքում, եթե ԵՄ-ը չքայքայվի, իսկ եթե նշված պատճառներով նա աղքատացավ, ապա անխուսափելիորեն կտրոհվի առանձին երկրների, որոնք էլ, առանց այլ լուծում ունենալու, մեկիկ-մեկիկ կանցնեն Ռուսաստանի հովանավորության տակ:
Իհարկե, դրան որոշ չափով կխանգարեն Եվրոպայի առնվազն 400-ամյա հնություն ունեցող ամբիցիաները, բայց կյանքը շատ ավելի թանկ է ցանկացած ամբիցիայից:
Պետք չէ մոռանալ այս գործում Չինաստանի հնարավոր պոտենցիալ դերի մասին ևս, քանի որ մեր ժամանակներում հեռավորությունը հեշտ հաղթահարվող բան է, մանավանդ, որ ժամանակին, այն էլ առանց ժամանակակից տրանսպորտային միջոցների, անգլիացիներն ինչ ասես, որ չեն արել Չինաստանի գլխին:
Պետք է հիշել նաև ուժային քաղաքականության ոսկե կանոնը՝ գլոբալ հակամարտության մասնակից ուժերի ու արժեքների չափերը հարաբերական են և, նոր հզորությունների հանդես գալով, հին ուժերի հարաբերական չափերը ենթարկվում են փոփոխությունների, ինչն էլ հենց ուժային մի պարադիգմից մյուսին անցնելու ներքին իմաստն է:
Այս առումով, Եվրոպայի հարաբերական աշխարհաքաղաքական կշիռը, որը սկսել էր անկում ապրել արդեն առաջին աշխարհամարտից հետո, մի բան, որն ավելի խորացավ երկրորդ աշխարհամարտից հետո, ներկա պայմաններում խորանում է կտրուկ կերպով, որն էլ կարող է դառնալ ԵՄ-ի տրոհման հիմնական պատճառը:
Պավել Բարսեղյան